3 հուլիսի 2019 - 19:27 AMT
ԿԱՐԾԻՔ
«Ամոթ ա», «չեմ հավատում», «տենց բան չկա». Ինչպե՞ս լսելի դարձնել #բռնության_ձայնը

Մի քանի տարի առաջ էր, ժամը 23:00-ին վերադառնում էի տուն: Տաքսիով բակ մտնելու փոխարեն իջա փողոցի վրա՝ հաշվի առնելով, որ այն լուսավորված էր, ամառվա համար էլ 23:00-ն այդքան էլ ուշ ժամ չէ: Տան ճանապարհին հետևիցս 50-ն անց տղամարդ էր քայլում՝ ձեռքին տոպրակ. թվում էր, թե ուղղակի խանութից է վերադառնում, ուշադրություն չդարձրի: Նա արագացրեց քայլերը: Մտա մեր շքամուտք, անմիջապես մտավ հետևիցս, բռնեց ձեռքս, սկսեց ինչ-որ անպարկեշտ առաջարկություններ շշնջալ, ասել, որ 100 դոլար կտա, պատմել, թե ինչ կուզի անել ինձ հետ: Միաժամանակ փորձում էր դուրս հանել ինձ, քարշ էր տալիս հետևից:

Ես էլ մի կերպ բռնվել էի բազրիքից՝ անդադար կրկնելով, որ թողնի ինձ, և փորձելով գրպանիցս հանել հեռախոսը: Մի քանի րոպե տևած քաշքշուկից հետո ես ուղղակի բարձր գոռացի՝ «մա՜մ» (առաջին հարկում ապրելու առավելություններից). վայրկյաններ անց առաջին հարկի բոլոր դռները բացվեցին, ծնողներս և հարևանները դուրս եկան, շքամուտքի լույսը վառվեց, պոտենցիալ բռնաբարողը փախավ:

Հետո հիշում եմ, որ բոլորն ինձ փորձում էին հանգստացնել, ջուր էին խմացնում, իսկ ես անկեղծորեն նույնիսկ չէի էլ վախեցել: Միայն որոշ ժամանակ անց գիտակցեցի, որ եթե ճանապարհն ավելի երկար լիներ, դա չլիներ մեր շքամուտքը, մենք չապրեինք առաջին հարկում, կամ ես այդքան պինդ չբռնվեի բազրիքից, միգուցե այդ ամենը վատ ավարտ ունենար: Մոռացա նշել՝ կարճ կիսատաբատով էի, եթե դա նշանակություն ունի: Ոմանք վստահ են, որ նշանակություն ունի:

Այդ դեպքից տարի անց էլ ընկերուհուս հետ զբոսնում էի քաղաքի կենտրոնով, երբ մի խումբ երիտասարդների կողմից ընկերուհուս հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեց, ընկերուհիս էլ պատասխանեց այդ երիտասարդին՝ հորդորելով, որ նույնը սեփական մորն ասի: Այստեղ կարող ենք ասել, որ պետք չէր երիտասարդի մորը կպնել, ես էլ կհարցնեմ՝ իսկ ինչո՞վ է սեփական տղային այդքան վատ դաստիարակած մայրն ավելի սուրբ, քան փողոցով քայլող կամայական աղջիկ: Պատմությունն ավարտվեց նրանով, որ Հյուսիսային պողոտայի մեջտեղում այդ «համարձակ» երիտասարդն ապտակեց ընկերուհուս «պատասխան տալու համար», մինչ նրա ոչ պակաս «համարձակ» ընկերն ինձ էր պահում, որ չխանգարեմ: Մոտակայքում կանգնած ոստիկանները չարձագանքեցին, կողքի նստարաններին նստած աղջիկներն ու երիտասարդները չխառնվեցին, միայն ուրախ ծիծաղեցին, քանի որ, հավանաբար, «եթե աղջկան ծեծում են, ինքն է մեղավոր»:

Գուցե դժվար է հավատալը, բայց մի երկրում, որտեղ մայրը «սրբություն» է, կինը պետք է լսի ամուսնուն, իսկ երիտասարդ չամուսնացած աղջիկը՝ լինի համեստ, հեզ և կույս, ամեն քայլափոխին ոտնահարվում են կանանց իրավունքները. նույն «սրբությանը» կարող են «ձեռք գցել» հասարակական տրանսպորտում, իսկ հեզ ու համեստից պահանջել «համարձակ լուսանկարներ»՝ աշխատանքի ընդունելու համար:

2 օր առաջ համացանցում սկսվեց բռնության թեմայով անկեղծ խոսելու և սեփական փորձով կիսվելու շարժումը, պատմությունները հասանելի են #բռնության_ձայնը հեշթեգով: Ոմանք նեղվում են և ապրումակցում, ոմանք զարմանում են, որ «Հայաստանում նման բան է հնարավոր», ոմանք նախընտրում են չհավատալ, ոմանք էլ լռում՝ համարձակություն չգտնելով պատմել իրենց հետ տեղի ունեցածը:

Ես չեմ զարմանում. դեռ մի քանի ամիս առաջ սեռական ոտնձգությունների մասին նյութ գրելու համար հարցրեցի ծանոթներիցս մոտ 30 աղջկա, արդյո՞ք ունեն պատմելու բան: Ինչ-որ հատուկ ձևով չեմ առանձնացրել, զուտ ընտրել եմ համարձակ մարդկանց, որոնք, իմ կարծիքով. կխոսեին, եթե խոսելու բան ունենային: Եվ ի՞նչ եք կարծում: 30-ից 18-ը պատմելու բան ունեցան՝ տրանսպորտում ձեռք գցելուց ու աշխատավայրում անպարկեշտ ակնարկներից ու առաջարկներից մինչև հենց բուն բռնաբարություն: Իհարկե, իմ այս փորձը ստատիստիկայի տեղ անցնել չի կարող, գուցե հաջորդ 30-ից միայն 3-ը պատմելու բան ունենային, բայց հասկանո՞ւմ եք, չէ՞, որ պատկերն ահավոր է:

Աղջիկներից մեկը փոքր քաղաքից էր: Պատմում էր, որ բռնաբարությունից հետո վախեցել է պատմել այդ մասին 2 պատճառով. նախ հայկական ավանդական «ամոթ ա»-ն. բա ծնողնե՞րը, բա հարևաննե՞րը, բա մատով ցույց տա՞լը: Երկրորդ պատճառն այն էր, որ վախենում էր այդ երիտասարդի «ընկերների ձեռքերով անցնել»: Նույնիսկ չգիտեմ՝ որն է ավելի ահավոր. այն, որ հասարակությունը ամոթանք է տալիս զոհին, թե այն, որ հանցագործի ընկերները նրան պատժելու փոխարեն կշարունակեն բռնությունը զոհի նկատմամբ, քանի որ «էլ կույս չի», ու թքած, որ կուսազրկումը բռնաբարության հետևանք է:

Անառողջ է այն հասարակությունը, որի տղամարդ անդամները չեն հասկանում, որ կնոջ «ոչ»-ը նշանակում է «ոչ», այլ ոչ թե «այո, ուղղակի մի քիչ հետո», ոնց տարիներ շարունակ համոզել են ինչ-որ չստացված կազանովաներ ու նրանց «պասպորտը» ցույց տալ սովորեցնող և առաջին անգամ «լևի» տանող քեռիներն ու հոպարները: Կնոջ կարճ շրջազգեստը, վառ մազերը, աչքի ընկնող շպարը, ծխելը, շփվող լինելը, ազատամտությունը, սոցցանցերում տեղադրված ոտքերի նկարները, սեքսի մասին հանգիստ խոսելը, եղբայր կամ հայր չունենալը մարտահրավեր չեն, դրանից պետք չէ «հրահրվել», առիթավորվել, անել ավելորդ գործողություններ, տհաճ ռեպլիկներ, ժեստեր, ազատություն տալ ձեռքերին, անել զզվելի ակնարկներ և ամենակարևորը՝ թույլ տալ բռնություն, կնոջ փոխարեն որոշելով, որ «ուզում ես, ձևեր մի թափի»:

Սա բնավ չի նշանակում, որ բոլոր տղամարդկանց պետք է դիտարկել որպես պոտենցիալ բռնարարների, ո՛չ: Եվ սա բնավ չի նշանակում, որ զոհերը միայն կանայք են, տղամարդիկ էլ են դառնում սեռական բռնության զոհեր, սակայն ավելի հազվադեպ են խոսում այդ մասին: Խնդիրը կրկին հասարակության արձագանքի մեջ է. տղամարդը չի կարող իրեն թույլ տալ թուլություն ցուցաբերելու «ճոխությունը»: Երեկ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը՝ Մաքս Վարժապետյանը, պատմեց իր հետ կատարվածը: Հարցին՝ անանո՞ւն տեղադրեմ պատմությունը, թե ոչ, համարձակորեն ասաց, որ նշեմ իր անունը:

«10 տարեկան էի: Դպրոցից տուն էի վերադառնում, երբ ճանապարհին մի անծանոթ սկսեց քայլել հետևիցս ու խնդրեց, որ իրեն բարձրացնեմ տանիք, քանի որ ուզում է մեր շենքի տանիքի աղավնիներին տեսնել ու կերակրել: Երբ մտանք վերելակ, նա ինձ շատ ուժեղ գրկեց, սկսեց հոտոտել և ձեռք տալ մեջքիս: Ես վախեցած նայեցի նրա վրա և հարցրեցի. «Դուք սպանելո՞ւ եք ինձ»: Ասաց՝ «չէ, չեմ սպանելու բայց քեզ լիքը բան եմ ցույց տալու»: Ես սկսեցի լացել, իսկ նա ինձ հրելով բարձրացնում էր դեպի շենքի տանիքը: Այնուհետև բրդեց ինձ, իջեցրեց իր շալվարը, և այդ պահին շենքի հարևաններից մեկը դա տեսավ: Տղամարդն արագ փախավ այդտեղից», - պատմեց Մաքսը՝ նշելով, որ դեպքի մասին պատմել է տանը, սակայն ոչ ոք նրան չի հավատացել այդ ժամանակ. «Որովհետև չեն հավատում բռնաբարությանը, հատկապես՝ տղայի հանդեպ»:

Երիտասարդը նաև հավելեց, որ դրանից հետո որոշ հոգեբանական խնդիրներ է ունեցել, սակայն արդեն հաղթահարել է դրանք:

Բռնաբարություններ լինում են ամբողջ աշխարհում՝ Հայաստանը բացառություն չէ, բայց մեր հասարակությունն առանձնանում է բռնության հանդեպ իր արձագանքով: Զոհին ամաչեցնելն ու մեղադրելը, սուրբ ջայլամի քաղաքականություն վարելն ու չհավատալ նախընտրելն է, որ մեզ տարբերում է օտարերկրացիներից: Չէ՞ որ ավելի հեշտ է հավատալ, որ «մենք ուրիշ ենք, մեզ մոտ տենց բան չկա», քան ընդունել, որ հայը ևս կարող է գողանալ, բռնաբարել, սպանել, լինել մանկապիղծ:

Մարդուն կենդանուց տարբերում է նաև ապրումակցելու կարողությունը: Ապրումակցե՛ք, որ դա տեղի չունենա ձեր երեխաների հետ: Ապրումակցե՛ք, որովհետև ձեր հեգնանքն ու թերահավատությունը, ինչպես նաև ամաչեցնելու փորձերը ծնում են լռություն, իսկ լռությունը ծնում է անպատժելիություն, որն էլ բերում է բռնության դեպքերի աճին։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net