4 հուլիսի 2019 - 12:00 AMT
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց

Մինչ կառավարության շենքի ներսում ընթանում է գործադիր մարմնի հերթական նիստը, շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք պնդում են՝ Քոչարյանը կալանավորված է ապօրինի կերպով, և պահանջում են, որ ազատ արձակվի։

«Կալանքի հիմքերից որևէ մեկը որևէ դատարան, որևէ դատախազ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել հիմնավորել։ Փաստ է, որ նախագահ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ որևէ անգամ չի խուսափել քննությունից, չի խոչընդոտել արդարադատության իրականացմանը, չի եղել նման փորձ։ Մինչդեռ իշխանությունների ճաշակով ու տրամաբանությամբ գործող դատարանները չեն ցանկանում համակերպվել այդ մտքի հետ»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն ապահովագրված չէ իր նկատմամբ հնարավոր դատական պրոցեսից, իսկ այդ պրոցեսը պետք է իրականացվի արդար դատարանի կողմից։

«Անձը կալանավորվում է միայն այն բանի համար, որ ինչ-որ նեղ շրջանակներ դա ցանկանում են։ Ես ասում եմ՝ գտնվելով ազատության մեջ Քոչարյանը չի խուսափելու քննությունից, բայց ի տարբերություն դատախազների ու դրանց միջնորդությունը արտատպած դատարանի, ես իմ կարծիքը կարող եմ հիմնավորել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Քոչարյանն ինքնակամ է ներկայացել դատարան ու իրավապահ մարմիններին, երբեք չի ընդդիմացել «խայտառակ որոշումներին» ու չի խանգարել քննությանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց ձեռքում պահել են Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները՝ «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրություններով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

Դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։ Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։