5 հուլիսի 2019 - 16:26 AMT
ԱԳՆ. Ղարաբաղի հարցը հայության ինքնության պահպանության խնդիր է՝ դրանից է բխում ԼՂ կարգավիճակի հարցը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է՝ և դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ Արցախում համատեղ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը և խոսելով «վաշինգտոնյան գործընթացի մասին»:

«Մենք հանգամանալից խոսել ենք վաշինգտոնյան գործընթացի մասին:Մենք ունենք 3հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարևոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:

Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:

Եվ վերջապես բովանդակության հարցը. մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ սա համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է: «Եվ դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մոտեցումների շրջանակում է, որ մենք ունենք մեր մոտեցումները: Եվ այդ պարամետրերի մեջ յուրաքանչյուր բանակցության ժամանակ մենք ձևավորում ենք այդ շրջանակը, որի մեջ մեզ համար անհրաժեշտ է ամրագրել և առաջ տանել այն, ինչ մեզ համար առաջնային է: Սրանք բացարձակ առաջնային խնդիրներ են Հայաստանի մոտեցման մեջ»,-ասել է նա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին:Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: