8 հուլիսի 2019 - 14:44 AMT
Արցախի ԱԱԾ. Սահմանադրական կարգը խաթարելու փորձերը իրավական համարժեք գնահատական կստանան

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված «բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան:

«Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը, ասված է Արցախի ԱԱԾ տարածած հայտարարությունում, հայտնում է Արցախպրեսը։