8 հուլիսի 2019 - 15:03 AMT
Գյումրիից Մոսկվա չվերթները կավելանան

Հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:

«Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ 8 չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով, հայտնում է «Ցայգը»:

Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ Nord Wind ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: