9 հուլիսի 2019 - 13:11 AMT
Ըստ նախարարի՝ Գեղարքունիքում անկած կովերին հատուկ են տարել լճի ափ, ակնկալելով փոխհատուցում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ նիստում հերքել է այն վարկածը, որ օրեր առաջ Գեղարքունիքում կովերի անկման պատճառը կապտականաչ ջրիմուռներով լցված Սևանի ջուրն է եղել:

Նախարարի վարկածով, Գեղարքունիքի մարզում սատկած կովերի տերերին խորհուրդ են տվել կենդանիներին մոտեցնել լճին` ենթադրելով, որ այդ դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի, հայտնում է Sputnik Արմենիան:

«ՍԱՊԾ-ն պարզաբանում է տվել, որ դա առվույտի հետ էր կապված: Ըստ մեր տեղեկատվության, գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել, որպեսզի կենդանիներին մոտեցնեն լիճն ու տեղեկացնեն, որ դա ջրից է եղել` նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»,- ասել է Գրիգորյանը: ՍԱՊԾ-ն դեռ չի ավարտել կովերի անկման պատճառները պարզելու համար իրականացվող լաբորատոր փորձաքննությունն ու առայժմ չի հրապարակել դրա արդյունքները:

Հուլիսի 5–ին տեղեկություն էր ստացվել, որ Սևանի ափին կովերի անկման դեպք է գրանցվել` սատկել է 4 գլուխ կով։

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: Մինչդեռ, տեղեկություններ հայտնվեցին, որ Գեղարքունիքի մարզում տասնյակ կովեր են անկել: Որմանք դա կապում Սևանից ջուր խմելու հետևանքով թունվորման հետ:

Ընթերցեք նաև.Նախարարը՝ Սևանի «ծաղկելու» մասին. Լճի սառը շերտը վնասվել է