27 սեպտեմբերի 2008 - 14:23 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը
Նյու-Յորքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում հաղորդել են PanARMENIAN.Net-ին, հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպման օրակարգում է եղել Մինսկի խմբի շրջանակներում 2007թ. համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Կողմերը վերահաստատել են, որ հիմնախնդրիը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով:

Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են հիմնախդնրի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցման ուղիները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը: