9 հուլիսի 2019 - 13:57 AMT
ՊԵԿ-ը գերակատարել է հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը

2019-ի առաջին կիսամյակում փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, ինչի արդյունքում մոտ 63 մլրդ դրամով կամ 9.6 %-ով գերակատարվել է բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ տարվա երկրորդ եռամսյակը միշտ համարվել է հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ շրջանը, քանի որ դրանում են ներառված ապրիլ և հունիս ամիսները: «Ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ամիսն է, հետևաբար, ապրիլին ունենում ենք ամենաբարձր հարկային եկամուտների ապահովվածության ցուցանիշը, հունիսին էլ շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման ամիսն է»,- ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարելու են 62 մլրդ դրամով, ՊԵԿ նախագահն ասել է, որ հիմա պետք է ուղղակի արձանագրեն, որ տարվա համար նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով:

«Իհարկե, սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Ու եթե ճիշտ սահմանված համամասնություն ունենայինք, մենք առաջին կիսամյակում կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ, իսկ չորրորդում՝ 25 մլրդ դրամ գերակատարում: Ընդհանուր հանրագումարային մենք մոտ 63 մլրդ դրամ գերակատարումը կապահովեինք»,- ասել է նա: