11 հուլիսի 2019 - 11:27 AMT
Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 10%-ով

2020 թվականի հունվարի մեկից կենսաթոշակը կբարձրանա 10%-ով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ բարձրացումը կառնչվի մոտ 560.000 մարդու:

Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ կառավարության արտահերթ նիստում, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով, հաստատվել է ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այդ ժամանակ էլ կենսաթոշակները բարձրացնելու որոշում է կայացվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն աստիճանաբար կենաթոշակների անկանխիկ եղանակով վճարման կանցնի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը։