12 հուլիսի 2019 - 10:57 AMT
Խոշոր ՃՏՊ Երևանում. Կա 2 զոհ և 5 վիրավոր

Հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող Էրզրում ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Nissan Quest և Mercedes E320 մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ Ա.Վ.-ն (ծնված 2015 թ.) և Է.Վ.-ն (ծնված 2012 թ.) դուրս են բերվել Nissan Quest մակնիշի ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ռ.Մ.-ն (ծնված 1954 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Փրկարարները Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մեկ, իսկ Nissan Quest մակնիշի ավտոմեքենայից 2 տուժած և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Nissan Quest մակնիշի ավտոմեքենայի տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին օրերի խոշոր ավտովթարներին, հայտարարել է, որ վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են անում, պետք է ընդհանրապես հեռացվեն երթևեկությունից: Նրա խոսքով՝ ոստիկանությունում նոր օրինագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին երթևեկությունից ընդհանրապես հեռացնելն է:

Ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: