29 սեպտեմբերի 2008 - 16:06 AMT
Ալի Բաբաջան. Մենք հավատում ենք, որ Կովկասը մեծ ներուժ ունի
«Մենք հավատում ենք, որ Կովկասը մեծ ներուժ ունի, նաեւ հավատում ենք, որ կկարողանանք հաջողության հասնել այն դեպքում, եթե կարողանանք խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում: Դա կնպաստի մեր ժողովրդների բարգավաճմանն ու միաժամանակ կայնությանն ու խաղաղությանը Կովկասում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումից հետո: Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ թուրքական նախաձեռնությունը, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրներ:

Իր հերթին, Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ բոլոր առկա խնդիրները պետք է հաղթահարվեն: «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի նախաձեռնությունը չափազանց արդիական է եւ մենք կարող ենք համաձայնության գալ այն առումով, թե ինչպես է պետք վարվել տարածաշրջանային իրադարձությունների զարգացումների առումով»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը, հաղորդում է թուրքական Haber գործակալությունը: