13 հուլիսի 2019 - 11:00 AMT
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրինագծի միջազգային փորձաքննության արդյունքները կան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստում, անդադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը:

Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի և կներկայացվի հանրային քննարկման:

Բադասյանը ներկայացրել է նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաև շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե: