15 հուլիսի 2019 - 11:32 AMT
ՄԻՊ-ը Խաչատուրյան քույրերի իրավունքների երաշխավորման մասին խոսել է Մոսկալկովայի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ռուսաստանաբնակ Խաչատուրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Մոսկվայում բնակվող Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:

Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատուրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձին վարույթ է առանձնացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին առնչվող նյութերը:Քննիչները նրա գործողությունների մեջ դստրերին բռնության ենթարկելու և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու հատկանիշներ են տեսել:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»:

Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել:

Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում: