15 հուլիսի 2019 - 15:18 AMT
Կալաձեն սխալ է համարում Պուտինի խոսքերը Վրաստանի պատմության մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «իր քաղաքականությունն է վարում» ՝ սխալ տեղեկատվություններներկայացնելով բնակչությանը Վրաստանի և Հարավային Օսիայի պատմության մասին:

«Սա առաջին դեպքը չէ, երբ այդ մարդը նման հայտարարություններ է անում և սխալ տեղեկատվություն է տրամադրում բնակչությանը»,-ասել է Կալաձեն, հայտնում է Deutsche Welle-ն:

Այսպես է Թբիլիսիի քաղաքապետ և նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն արձագանքել Պուտինի խոսքերին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի փոխհարաբերությունների մասին: Հուլիսի 9-ին Եկատերինբուրգում Պուտինն ասել է, որ վրացական զորքերը դաժան են գործել 1918-ին Աբխազիայում, «որը զավթել էին գերմանական զորքերի օգնությամբ»:

«Էլ ավելի կոշտ էին վրացական զորքերը գործում Օսիայում 1919-1920թթ.: Ըստ էության, դա հենց այն է, ինչ այսօր ցեղասպանություն են կոչում»,-ասել է Պուտինը՝ պնդելով, որ Ստալինի օրոք աբխազների հողերը կլանվեցին խորհրդային Վրաստանի կողմից:

«Պարզ է, որ նա իր քաղաքականությունն է վարում և սխալ է ներկայացնում փաստերը, բայց մենք պետք է բացատրենք մեր երեխաներին, մեր ապագա սերնդին, թե ինչ է եղել իրականում: Դա կարևոր է»,-ասել է Կալաձեն՝ մեկնաբանելով Կրեմլի հայտարարությունը:

Ավելի վաղ Պուտինի խոսքերը Վրաստանի պատմության մասին քննադատել էին նաև Վրաստանի պատրիարքարանում՝ նշելով, որ «պատմական փաստերի խեղաթյուրումը նպաստում է առկա խնդիրների խորացմանը»:

Հակապուտինյան տրամադրությունները սրվեցին Վրաստանում հունիսի կեսին: Այն ժամանակ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ պատվիրակության մասնակցության դեմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Ընդդիմությունը դժգոհեց, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել ներկաներին ռուսերեն լեզվով: