15 հուլիսի 2019 - 12:25 AMT
Ռևազյան. Ուզում ենք առաջարկել «օդի փողը» հանել նոր ավիաուղղությունների համար

ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ «օդի փողի» հետ կապված: Մեծ են և «Զվարթնոցի» սակագները, և «օդի գինը»՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասել է Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար», հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել:

Ռևազյանը նկատել է, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր:

«Օդի փող» է համարվում պետական տուրքը, որը գանձվում է ֆիզիկական անձանցից երկրից ելքի դեպքում: Այժմ այն ներառված է ավիատոմսերի արժեքի մեջ: