15 հուլիսի 2019 - 12:48 AMT
2020-ի բյուջեով սոցապ ոլորտին 42 մլրդ դրամով ավելի գումար կտրամադրվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ 2020 թվականին պետական բյուջեով սոցիալական ոլորտին 42 մլրդ դրամով ավելի շատ գումար կհատկացվի:

Ընդհանուր առմամբ, ոլորտին կտրամադրվի 456.9 մլրդ դրամ:

«Այս գումարը ներառում է նաև կենսաթոշակների բարձրացումը, որի մասին վարչապետը հայտարարեց, ինչպես նաև ծառայությունների մատուցումը կանանց, տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել էր 2020 թվականից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները: Որոշման նախագիծը պետք է քննարկվի և հաստատվի ՀՀ ԱԺ-ի կողմից: