17 հուլիսի 2019 - 10:21 AMT
Վենետիկի հանձնաժողով. ՀՀ իշխանությունների հետ աշխատանքն արգասաբեր է

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:

Հանձնաժողովի հրապարակած հայտարարության համաձայն, Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր գործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019-ի հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ:

«Դրանք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով, երբ փոփոխությունները պատրաստ կլինեն»,-նշված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Համացանցում հայտնվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունից ՀՀ-ին վերաբերող հատված, որը փորձ է արվել ներկայացնել որպես հանձնաժողովի դիրքորոշում ՀՀ-ում դատաիրավական գործընթացներին: Սակայն փաստաթուղթն ընդամենն արձանագրում է նստաշրջանում հնչած կարծիքներից մեկը, և այն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը չի արտահայտում:

Ավելի վաղ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հստակ ընդգծվել է, որ հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը:

«Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները: Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը:», - հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղարը: