17 հուլիսի 2019 - 10:31 AMT
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկար հիվանդությունից հետո մահացել է Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», -ասվում է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Դերասանը մահացել է Բելգիայում:

ՀՀ Վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում: Այդ մասին տեղեկացրել է դերասանի որդին՝ Գոռ Ղևոնդյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Հայրիկիս հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այստեղ՝ Բելգիայում: Հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում»,-նշել է նա:

Ռուդոլֆ Ղևոնդյանը 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, այդ թվում՝ «Նահապետ» (1977 թվական), «Արյուն» (1990 թվական), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թվական), «Ընկեր Փանջունի» (1993 թվական), «Հարսնացուն Ջերմուկից» (1997 թվական), «Լռության սիմֆոնիա» (2001 թվական), «Չգրված օրենք» (2006 թվական), «Սիրո աստղ» (2009 թվական) և այլն։

2004 թվականին տեղափոխվել է Բելգիա։