17 հուլիսի 2019 - 12:44 AMT
Ավինյանը ՄԱԿ-ի փոխքարտուղարին առաջարկել է աշխատել Թուրքիայի կողմից ՀՀ փակ սահմանի հարցը լուծելու ուղղությամբ

Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլև չորս սահմաններից երկուսը փակ են։ Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար տիկին Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի հետ հանդիպմանը:

Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա: Այս առումով փոխվարչապետն առաջարկել է Ուտոյկամանուին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։ Վերջինս խոստացել է ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:

Բացի այդ, Տիգրան Ավինյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։ Մատնանշվեց, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը:

Զրուցակիցները կարևորել են դեպի ծով ելք չունեցող երկրների համար ապրանքների անխոչընդոտ փոխադրման հնարավորությունները, ծովային նավահանգիստներին ու համաշխարհային շուկաներին հասանելիության ապահովմանն ուղղված առարկայական ծրագրերի իրականացումը: Այս առումով Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուն ընդգծել է առաջիկայում նախատեսվող Վիեննայի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 2014-2024 գործողությունների ծրագրի» միջանկյալ զեկույցի ուսումնասիրության գործընթացում ներգրավված երկրների ակտիվ համագործակցությունը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հատկապես ծով ելք չունեցող զարգացող պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի առումով, հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: