17 հուլիսի 2019 - 14:20 AMT
«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝ հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ ուշիուշով հետևում են Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում քաղաքական իրադարձություններին, քանի որ խոսքը «եղբայրական ժողովուրդների մասին է»:

Լավրովն ասել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո «ցավոք, Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկների ներքին գործերին»:

«Ուկրաինան, կարծում եմ, սրա ամենավառ օրինակն է: Հայաստանում իրավիճակն այլ է: Այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակում գործակցությունը», - ասել է Լավրովը:

Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, և դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը: