17 հուլիսի 2019 - 18:17 AMT
Փաշինյանը հանձնարարել է պետգնումների մրցույթներն ընկերությունների համար գրավիչ դարձնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ըստ հաղորդագրության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն նկարագրել է պետական գնումների համակարգը, առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական գնումների կարգավորումներին, ընթացակարգերին, գնման տեսակներին, թղթային և էլեկտրոնային գնումների կազմակերպմանը, գնումների գործընթացներին մասնակցող ընկերություններին ներկայացվող պահանջներին, հայտերի գնահատման գործընթացին, բողոքարկման ընթացակարգին և գնումների կազմակերպման պարզեցմանը:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ՝ պետական գնումների ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և արդիականացնելու վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է բոլոր այն գերատեսչություններին, որտեղ առկա է խոշոր գնումների պոտենցիալ և ռազմավարական ծրագրերի տեսլական՝ գնումների ռազմավարությունը պլանավորել երկարաժամկետ հատվածի համար՝ 5-10 տարվա կտրվածքով, որպեսզի պոտենցիալ մասնակից ընկերությունների հետաքրքրվածությունը գնումների նկատմամբ մեծանա: