18 հուլիսի 2019 - 10:13 AMT
Մարզպետ. Իջևանի ճանապարհը բաց է, որևէ զիջում անօրինականությանը չի արվելու

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը:

«Իջևանի ճանապարհը բաց է։ Դա տեղի ունեցավ բանակցությունների արդյունքում։ Բանակցությունների, բայց ոչ՝ օրենքին հակասող որևէ խոստման», - ասել է մարզպետը։

Նա նշել է, որ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում բիզնես են ստեղծել:

«Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք», - ասել է մարզպետը:

Նա նաև հայտնել է, որ կառաջարկեն մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ, և պատրաստ են այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն:

Ավելի վաղ Իջևանում ապօրինի ծառահատումները թույլատրելու պահանջով միջպետական ճանապարհ է փակվել: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 11 ոստիկան: