18 հուլիսի 2019 - 13:09 AMT
Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ ծառայողական մեքենա չի ունենա

ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստում քննարկվել է տեսչական մարմիններին հատկացվող ծառայողական մեքենաների հարցը, որը հանվել էր նախորդ շաբաթվա նիստի օրակարգից՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հնչեցրած հակադիր տեսակետների պատճառով։

Գործադիրի նիստում հաստատվել է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը:

Մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ ծառայողական մեքենաներ չեն ունենա։

Նախագիծը ներկայացնող էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ավտոմեքենաների քանակը սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը։