18 հուլիսի 2019 - 16:25 AMT
ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների հիման վրա գործը՝ դիմելով ՄԻԵԴ

ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով վարույթը և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանի աշխատակազմը:

«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ», - ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ ՍԴ-ն վարույթ էր ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Քոչարյանի փաստաբանների դիմումների հիման վրա գործը, որով պետք է քննվեր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: