Իջևանում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ, հայտնել է Քննչական կոմիտեն:
13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. 13 անձ ձերբակալվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ:
«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը: