22 հուլիսի 2019 - 18:17 AMT
Հայ սակրավորները վերջին օրերին Սիրիայում 8534 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել, հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը:

Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։

Ավելի վաղ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան: