23 հուլիսի 2019 - 15:03 AMT
ՄԱԿ-ը ողջունում է ՀՀ-ում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումները

ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է, որ մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է:

Նախարարության փոխանցմամբ, ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը:

Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է:

Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը: Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: