23 հուլիսի 2019 - 16:18 AMT
ՀՀ-ն սեյսմիկ նոր քարտեզ ունի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ. նպատակը ՀՀ տարածքի 1:500,000 մասշտաբի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր:

Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ Համաշխարհային բանկի դրամաշնորհով: Այն կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումը, որը իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական և ամերիկյան գիտական կազմակերպություն:

Քարտեզին կից կազմվել է ՀՀ տարածքի 200,000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ցանկը՝ հավաստանշելով յուրաքանչյուրի սեյսմիկ վտանգի աստիճանը: Քարտեզը բաժանված է սեյսմիկ վտանգի 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրում կանխատեսված է երկրաշարժի հնարավոր առավելագույն ուժգնության աստիճանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրված քարտեզը փոխարինելու է ներկայում գործող 1994 թ-ի քարտեզին: Նոր քարտեզն ունի բազում առավելություններ. մասնավորապես այն կազմվել է նորագույն տեխնոլոգիներով և համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են առավելագույն ճշգրտություն և տվյալների հավաստիություն: Կազման ժամանակ որպես ուսումնասիրության նյութ օգտագործվել են Հայաստանի և նրա հարակից 150 կմ շառավղով տարածքների տվյալներ: Քարտեզին կից բազմահատոր հաշվետվություններում ընդգրկված նյութերը ներառում են նորագույն տեղեկություններ՝ տեղի ունեցած երկրաշարժերի և ակտիվ խզվածքների մասին վերլուծություններ, որոնք կօգնեն գնահատել ՀՀ սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ նոր քարտեզն անպայման կներառվի կոմիտեի լրամշակվող քաղաքաշինական նորմերում և կբարձրացնի կառուցվող շենք շինությունների սեյմակայունությունը և կնվազեցնի սեյմսիկ խոցելիությունը: Հանդիպման ավարտին՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն ավելի ապահով և բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերում: