24 հուլիսի 2019 - 12:54 AMT
Ոստիկանապետ. Մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն եղած մեքենաները տեղավորելու

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մեքենաների ներմուծման աննախադեպ աճին, ասել է, որ մեր ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորելու այդքան տրանսպորտային միջոց:

Ոստիկանապետը նաև անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության աշխատանքին, չհամաձայնվելով այն պնդման հետ, թե վատ աշխատանքի հետևանքով են վթարներն ու զոհերն ավելացել:

«Երբ ասում եք՝ Ճանապարհային ոստիկանությունը վատ է աշխատում, կարո՞ղ եք բացատրել ինձ՝ վատ աշխատելու պարագայում ինչպե՞ս եղավ, որ այս տարի ավելի շատ խախտում ենք հայտնաբերել, քան նախորդ տարի: Եվ գումարած այս ամենին այստեղ կապ ունի նաև աննախադեպ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ»,- ասել է Օսիպյանը:

2019 թվականի առաջին յոթ ամսում 70,000-ից ավելի մեքենա է ներկրվել Հայաստան:

Նա նկատել է, որ ՃՏՊ-ների պատճառներից է վատ լուսավորությունը, ճանապարհների վիճակը, նշանների բացակայությունը կամ չերևալը, տրանսպորտային միջոցների ոչ բավարար տեխնիկական վիճակում լինելը, ինչպես նաև եղանակային պայմանները:

«Մեր ժողովրդի մոտ «տեխասմոտր» հասկացությունը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես բնույթ չի կրում», - եզրափակել է ոստիկանապետը:

Հունիս ամսին ՃՏՊ-ներում զոհվել է 29 մարդ: Եվս երեք հոգի զոհվել է Վրաստանում: