24 հուլիսի 2019 - 13:18 AMT
Օսիպյան. Հիմա էլ ենք փնտրում Վանո Սիրադեղյանին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն հայտնել է, որ Ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Երևանի նախկին քաղաքապետ, Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին:

Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։

«Ընդհանրապես, բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ, բայց բարձրաձայնելն անթույլատրելի է, խանգարում է»,- ասել է Օսիպյանը:

1998 թվականի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո՝ 1999 թվականի փետրվարի 19-ին, Վանո Սիրադեղյանի որպես մեղադրյալ է ներգրավվում և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։

Նա հայտնաբերվում և ձերբակալվում է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով (բանդիտիզմ), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ (կաշառքի ստացում), 182 հոդվածի 1-ին (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում), 17-96 հոդվածի 2-րդ մասերով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Սիրադեղյանի փախուստը, որն առ այսօր գտնվում է հետախուզման մեջ։