26 հուլիսի 2019 - 11:17 AMT
Նախագիծ. Սևանի 1901.5 մ ցածր ջրածածկ և ցամաքային տարածքները պետք է մինչև 2021-ը մաքրվեն

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով Սևանա լճի 1901.5 մետրից ցածր ջրածածկ՝ ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները, պետք է մաքրվեն մինչև 2021 թվականը:

«Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ և նախատեսվում է ավարտել 2021 թվականին», - ասվում է հիմնավորման մեջ։

Նշվում է, որ 2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա բոլոր տարածքները:

Ընդհանուր առմամբ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Նախագծով առաջարկվում է այժմ սահմանել մաքրման ենթակա տարածք 98 հա՝ նախատեսված 66.8 հա-ի փոխարեն: