26 հուլիսի 2019 - 11:29 AMT
«Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ աղմկահարույց վճռի հետքերով դիմել է ոստիկանություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած վճռի հետքերով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։

Նա իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Հետք» պարբերականի 2012 թվականի «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հրապարակումը, որում նշված են այն անձանց անունները, որոնք խոշոր չափերի կաշառք վերցնելով (ըստ հրապարակման) նպաստել են քաղաքացի Վարդանյանի ունեզրկմանը և հետագայում դատարանում պարտվելուն։

Հրապարակման մեջ նշված են այն ժամանակ Կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի, Զախարյանի տեղակալ Կարեն Դավթյանի, Առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանի, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունները:

«Հորդորում եմ իրավապահ մարմիններին նշված հրապարակումը ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին և իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն նշված փաստական հանգամանքների առչությամբ (եթե դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ)», - գրել է իշխանական պատգամավորը։

Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Յուրի Վարդանյանն ըննդեմ Հայաստանի Հանրապետության գործով» վճիռը, որով ՀՀ կառավարությունը պարտավորվում է €1.6 մլն վճարել Վարդանյանների ընտանիքին:

Ընտանիքն ունեզրկվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 15 տարի առաջ, երբ Բուզանդ փողոցի իրենց տնից և հողամասից հանվել է, քանի որ այդ տարածքը հռչակվել էր «հանրային գերակա շահ»: