26 հուլիսի 2019 - 12:07 AMT
Գործադիրը կվճարի խաբված հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսից ՀՀ տեղափոխելու համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:

«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար», - գրել է Սիսեռյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ:

A&R Tour ընկերության միջոցով Երևանից Հուրգադա մեկնած 100-ից ավելի ՀՀ քաղաքացի չի կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքը չի կայացել։ Պարզվել է, որ տուրիստական ընկերությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիաընկերության նկատմամբ։

Տուրիստական ընկերությունների մի քանի ղեկավարներ խնդրի վերաբերյալ հրատապ ասուլիս էին կազմակերպել ու հայտարարել, որ տարբեր հաշվարկներով՝ A&R-ի թռիչքներով Հուրգադա մեկնած և այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մոտ 400-500 է: