3 հոկտեմբերի 2008 - 17:11 AMT
Հայաստանի նախագահը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը: Զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Կողմերը քննարկել են նաեւ կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: