26 հուլիսի 2019 - 17:10 AMT
ՀԱԵ-ն հորդորում է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ: Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):

«Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը: Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31)», - ասված է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով «ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ»` եպիսկոպոսների ժողովը հորդորում է իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից: