3 հոկտեմբերի 2008 - 18:31 AMT
Միջնորդության ցանկացած ձեւաչափի դեպքում Ղարաբաղը պետք է ճանաչվի հակամարտության եւ բանակցային գործընթացի կողմ
«Բանակցային գործընթացի ձեւաչափը ցանկացած հակամարտության կարգավորման շատ կարեւոր բաղադրիչ է, քանի որ, ըստ էության, նա արտահայտում է այս կամ այն տարածաշրջանում ուժերի եւ շահերի հավասարակշռությունը: Ձեւաչափի արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե դրանում որքան օբյեկտիվորեն են ներկայացված ինչպես հակամարտության անմիջական կողմերը, այնպես էլ տարածաշրջանում առավել մեծ կշիռ ունեցող շահագրգռված երկրները»,- PanARMENIAN.Net-ին ուղարկված «Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները վերջին աշխարհաքաղաքական ձեւափոխությունների պայմաններում» հոդվածում գրում է քաղաքագետը Ղարաբաղից` Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով, Մինսկի խմբի ձեւաչափն իր գոյության ողջ ընթացքում առաջադիմել է: Բայց, Դավիթ Բաբայանի խոսքերով, ՄԽ մշտական անդամ երկրներից որոշները տարածաշրջանի իրադրության վրա ազդելու իրական խթանիչներ չունեն եւ անգամ ինչ-որ նշանակալից շահեր չունեն: «Այդ միջոցին, այնպիսի երկիր, ինչպիսին Իրանն է, այստեղ ներկայացված չէ: Մինսկի ձեւաչափի մյուս բացասական կողմն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին սառեցված է արդեն ավելի քան 10 տարի շարունակ: Դա կարելի է անվանել Մինսկի խմբի ձեւաչափի ամենամեծ բացթողում»,- գրում է քաղաքագետը:

Այնուամենայնիվ, նշում է Բաբայանը, Մինսկի խմբի ձեւաչափն իրեն դեռեւս չի սպառել: «Բավական է ասել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղության պահպանման գործում զգալի ներդրում ունի հենց Մինսկի խումբը, հատկապես համանախագահ երկրները: Իհարկե, համաշխարհային քաղաքականության վերջին իրադարձությունները արդեն ազդում են եւ դեռ կազդեն ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես` նրա ձեւաչափի վրա: Տվյալ համատեքստում կարելի է ենթադրել, որ որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ, չնայած ակնհայտ է, որ ձեւաչափի փոփոխությունը բավական բարդ գործընթաց է` միահյուսված մի շարք բարդությունների հետ... Իհարկե, ստեղծված իրադրության մեջ հնարավոր է նոր ձեւաչափեր ստեղծելու փորձեր կատարվեն: Այդ ձեւաչափերի առավել հավանական ձեւն են հանդիսանում նախաձեռնությունները: Ի դեպ, դրանք, կարելի է ասել, արդեն մեկնարկել են: Այդպիսին է թուրքական նախաձեռնությունը: Սկզբնական փուլում է գտնվում նաեւ իրանական նախաձեռնությունը: Չի բացառվում, որ կլինեն նաեւ համատեղ նախաձեռնություններ: Համենայնդեպս, ցանկացած ձեւաչափի դեպքում, պարտադիր կարգով պետք է հաշվի առնվեն հետեւյալ պայմանները. ԼՂՀ-ն պետք է ճանաչվի հակամարտության եւ բանակցային գործընթացի կողմ, բոլոր որոշումները պետք է կայացվեն փոխհամաձայնության հիման վրա, եւ ոչինչ որոշված չի, եթե որոշված չի ամեն ինչ: Միայն տվյալ սկզբունքներին ենթարկվելու դեպքում կարելի է ակնկալել տեղաշարժեր Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- ընդգծում է Դավիթ Բաբայանը: