27 հուլիսի 2019 - 12:21 AMT
Ամերիկացի փորձագետը՝ ՀՀ-Իրան հարաբերությունների մասին․ Երբեմն ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ազդեցության Հայաստանի վրա։

Փորձագետը նշել է, որ բարդ է որոշել, թե Հարավային Կովկասում այդ լարվածությունն ինչպես կարող է արտահայտվել:

«Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական և տնտեսական գործակցության վրա աչք փակելը կհակասեր ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը, սակայն, երբեմն Միացյալ Նահանգներն ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի որոշ երկրների բնակչության կարիքներին, որի համար կարևոր են Իրանից ստացվող ապրանքներն ու ծառայությունները: Օրինակներից մեկը Իրանի կողմից Իրաք արտահանվող էլեկտրականությունն է, որը նախկինում պատժամիջոցների չէր ենթարկվում: Սակայն, թե որքան ժամանակ են նման կերպ բացառություններ արվելու,՝ քաղաքական հարց է: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որևէ այլ տեղ: Ուստի, իրենց համար բացառություններ անելու երկրների կոչերը առայժմ հիմնավոր են:», - ասել է փորձագետը։

Նրա խոսքով, Հայաստանի համար լավագույն քայլն այս իրավիճակում կլիներ հավաստիանալ, որ իր տնտեսությունը լիարժեք տարանջատված է Իրանի տնտեսությունից, որպեսզի խուսափի երկրորդական պատժամիջոցների ազդեցությունից:

«Ճիշտ կլիներ նաև աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վստահ լինելու, որ իրանական ցանկացած ապօրինի փորձ չի իրականացվում հայկական տարածքում», - ասել է փորձագետը։