Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում զանգվածային բողոքի ակցիաներ են․ Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացել քաղաքի տարբեր հատվածներում:
«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կան արդեն ձերբակալվածներ, որոնց թվում է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, մինչև այդ ընդդիմադիր գործչի բնակարանում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել: Մի խումբ ակտիվիստներ էլ բերման են ենթարկվել փողոցներից:
Այս պահին բերման ենթարկվածների թիվն անցել է 140-ը։
Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործչի Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։
Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։