29 հուլիսի 2019 - 14:19 AMT
«Ռոստելեկոմի» «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ծրագրի հաղթողը հայտնի է

«Ռոստելեկոմի» ամենամյա «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի 2019-ի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 29-ին ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում։

Նախագծին այս տարի մասնակցում էին ընտրական փուլը հաղթահարած շուրջ 20 ուսանողներ ամենատարբեր բուհերից՝ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ), Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։ Ուսանողների մասնագիտացումների շրջանակը, ինչպես և նախորդ տարիներին, խիստ բազմազան էր՝ ինֆորմատիկա, կառավարում, ռադիոտեխնիկա և կապ, ճգնաժամային կառավարում, թատերական արվեստ, բանասիրություն, այլ հարակից ուղղություններ, ինչը միմյանց հետ շփումը դարձրել էր առավել հետաքրքիր ու բովանդակալից։

«Նման նախագծերի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդ մասնագետներին մուտք գործելու «Ռոստելեկոմ»-ի նման խոշոր ընկերությունների ներքին էկոհամակարգ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթին, շփվելու փորձառու մասնագետների հետ, ինչու չէ՝ նաև ինքնադրսևորվելու։ Փորձը ցույց է տալիս, որ նախագծի շնորհիվ այսօրվա ուսանողները աշխատանքի անցնելիս մի քանի քայլ առաջ են լինում իրենց հասակակիցներից և հաջողում են իրենց աշխատանքում, ստարտափ կամ այլ նախաձեռնությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ ուրախ ենք, որ նախագծի արդյունքում մեր անձնակազմը համալրում են երիտասարդներ, ովքեր ունեն ձգտում, թարմ մոտեցումներ ու գաղափարներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին, անհատականություն են։ Շնորհավորում ենք հաղթողին և բարի գալուստ «Ռոստելեկոմ»»,- նշել է «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ուսանողական ծրագիրն ընդգրկում էր ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ կորպորատիվ գործունեության գրեթե բոլոր կարևոր ուղղությունների շուրջ՝ սկսած հաղորդակցությունից, հաճախորդների սպասարկումից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, հանրային կապերից, աշխատաշուկայի առանձնահատկություններից, մինչև օպտիկա, ցանցային լուծումներ, այլ ուղղություններ։ Նախագծի շրջանակներում ուսանողները ծանոթանում են ոչ միայն «Ռոստելեկոմի» ղեկավար անձնակազմին, այլ առնչվում ընկերության կորպորատիվ մշակույթին և սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր աշխատակից։

«Ծրագիրն իրականացվում է արդեն 5-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց համախմբվել մեկ գաղափարի շուրջ։ Հաղթող դառնալու համար չկա հստակ սահմանված ճանապարհ։ Այստեղ մասնակիցները կարող են ռիսկի դիմել, ներկայացնել համարձակ ու նորարար գաղափարներ՝ վերագնահատել իրենց իսկ ուժերը։ Ընկերությունն իր հերթին աջակցում է նրանց՝ ապահովելով գիտելիքների բազա ու փորձառու մասնագետների մշտական խորհրդատվություն։ Արդյունքում՝ յուրաքանչյուր տարի ծրագրի մասնակիցներից առնվազն 4-5-ը միանում են մեր թիմին՝ որպես աշխատակից, իսկ մյուսների համար, վստահ եմ, սա հետաքրքիր փորձառություն է և «Ռոստելեկոմ»-ին կապող լավ հիշողություններ», - նշեց «Ռոստելեկոմ»-ի մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը։

Սեմինարներից բացի մասնակիցները գործնական անհատական և թիմային նախագծեր են իրականացնում՝ ծանոթանալով թիմային աշխատանքի առանձնահատկություններին, ձեռք բերելով համատեղ լուծումներ առաջարկելու և խնդիրները հաղթահարելու հմտություններ։

Նախագծի մասնակիցները մոտիվացվում էին նաև մրցանակով, այն է՝ ընկերությունում վճարովի եռամսյա ուսուցում անցնելու հնարավորությամբ, որը լավ արդյունքների պարագայում կարող է հետագայում մշտական աշխատանքի առաջարկի վերածվել։ Ընդ որում, ստորաբաժանման ընտրությունը մասնակցինն է լինելու։

«Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» նախագծի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Նելլի Փափազյանը։

Ստեղծագործ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած բոլոր ուսանողները, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս աշխատանքի առաջարկներ կստանան համապատասխան բաժիններում։

«Ռոստելեկոմի» կողմից նախագիծն անց է կացվում հինգերորդ անգամ։ Մասնակիցներից շատերն աշխատում են ՏՏ, ցանցերի նախագծման, վաճառքի, հաճախորդների սպասարկման, արտաքին կոմունիկացիաների և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին և ամենակարևորը՝ աշխատանքի անցնելու նման ընկերությունում։