30 հուլիսի 2019 - 13:08 AMT
Բանկոմատը թալանողները ձեռնունայն կմնան՝ 18 մլն-ը ներկով փչացվել է

Հուլիսի 28-ին Երևանում պայթեցված ՎՏԲ բանկի բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Այդ մասին ասվում է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության տարածած հայտարարության մեջ:

Բանկոմատից մոտ 18 մլն դրամ է գողացվել:

«Բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ: Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»,-ասվում է հայտարարության մեջ։

2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ: