31 հուլիսի 2019 - 11:23 AMT
Նախագիծ. Ֆինանսական դժվարություններ ունեցողներն առավելագույնը 6 ամիս «հիփոթեքային արձակուրդ» կստանան

ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով օրենսդրորեն ամրագրվում է հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները:

Նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու:

Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»:

Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարաձգվում է արձակուրդի տևողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու ժամանակ վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունակեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիփոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ:

«Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը: Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիփոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է: Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով: Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում են հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները»,- ասված է նախագծում:

Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը: Արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը: