31 հուլիսի 2019 - 15:24 AMT
Փաշինյան. Ճիշտ է քլնգոցը, որ սրանք պեռաշկիից բացի լրագրող ու ցուցարար գնելու փող ունեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրատվամիջոցներից մեկի հերքումն այն մասին, որ վարչապետն ուղղաթիռով մեկնել է Իջևան՝ պատգամավոր ընկերոջ ծննդյան օրվա խնջույքին մասնակցելու:

«Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում: Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում: Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում», - գրել է վարչապետը:

Նա նշել է, որ իր ընդդիմախոս որոշ շրջանակների ասածի իմաստն այն է, որ իրենք «ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք»:

«Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից: Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար: Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա», - ասել է վարչապետը:

Նա նաև հավելել է, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր է օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իր գործունեության համար: