31 հուլիսի 2019 - 17:44 AMT
2020-ից սնդիկ պարունակող որոշ ապրանքներ դուրս կբերվեն շրջանառությունից

2020 թվականից սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային եղանակով դուրս կբերվեն շրջանառությունից, հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Գերատեսչությունում հուլիսի 31-ին տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից», - ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։