2 օգոստոսի 2019 - 15:11 AMT
Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի շարք փոփոխություններ են կատարել օրենքներում, որոնց շնորհիվ այդ երկրի կանայք այսուհետ կկարողանան ինքնուրույն ճամփորդել՝ անձնագիր ստանալով արտերկիր մեկնելու համար, ինչպես նաև անչափահասի խնամակալ դառնալ:

Ըստ նոր օրենքի, այժմ 21 տարին լրացած կինը «կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ, առանց խնամակալի պարտադիր համաձայնության, ինչպես նախկինում էր», գրում է ՌԻԱ Նովոստին «Օկազ» թերթի վրա հղումով:

Մինչ օրս սաուդացի կանայք ստիպված էին արտերկիր մեկնելիս ստանալ արական սեռի խնամակալի համաձայնությունը, որի դերում կարող էր հանդես գալ ամուսինը, հայրը կամ եղբայրը:

Բացի այդ, կանայք նաև իրավունք են ստանում տղամարդկանց հետ հավասար խնամակալ լինել անչափահաս երեխաների համար և գրանցել նորածիններին պետական հաստատություններում:

Փոփոխությունները Սաուդյան Արաբիայի հասարակական կյանքում սկսվեցին, երբ 2015-ին իշխանության եկավ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իր 31-ամյա որդուն նշանակեց թագաժառանգ: 2018-ի փետրվարին սաուդացի կանայք մեքենա վարելու իրավունք ստացան: Երկրում վերջին 40 տարում առաջին անգամ բացվեցին կինոթատրոնները: