2 օգոստոսի 2019 - 18:32 AMT
ԱԱԾ. Բաժանմունքի պետն ու օպերլիազորը Հնդկաստանի քաղաքացուց սպառնալիքով մոտ $20,300 են շորթել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտնել

ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել է, որ ծառայության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի բաժանմունքի պետը և օպերլիազորը, արատավորելով սպայի պատիվը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց ծառայողական անհրաժեշտության, պատշաճ հիմքերի և փաստաթղթավորման, 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նրանք վերջինից շորթել են առանձնապես խոշոր չափերով՝ $20,300 և 300,000 դրամ կաշառք։ Այնուհետև, իրենց ծանոթի օժանդակությամբ, այդ թվում նաև՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս $3700։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են:

Հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։