5 օգոստոսի 2019 - 16:05 AMT
ՀՀ-ում մտադիր են «Ավարայր» ֆուտբոլային ակումբ հիմնել

Հայաստանում մտադիր են պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ հիմնել, որը կկոչվի «Ավարայր»՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտի պատվին: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է GoFundMe.com-ում՝ նախատեսվում է միջոցներ հավաքագրել նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Հայտարարությունը տեղադրել է Դավիթ Մխիթարյանը:

Ակումբը կգործի Դիլիջանում, որն ընտրվել է իր գեղեցիկ բնության և ճանապարհատրանսպորտային ու զբոսաշրջային զարգացած ենթակառուցվածքների համար: Առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիր ստեղծել` ֆուտբոլային խաղադաշտով ու 2000 նստատեղ ունեցող ստադիոնով: Այն կկառուցվի Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) հարևանությամբ: Կպահանջվի մոտ 50 հազար դոլար:

Երկրորդ փուլում կհիմնվի զարգացած ենթակառուցվածքներով ֆուտբոլային ակադեմիա՝ այդ նախագծի իրագործման համար «Ավարայրը» մտադիր է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Դիլիջանի միջազգային դպրոցի հետ:

Ակումբը պատարստվում է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը 2021 թվականից: GoFundMe.com-ը բազմապրոֆիլային կոմերցիոն հարթակ է, որտեղ կարելի է գումար հավաքել տարբեր նախաձեռնությունների համար: