6 օգոստոսի 2019 - 11:16 AMT
Հայ մասնագետները Սիրիայում 28,063 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք: Այդ մասին ասվում է հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ: Մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ) է մեկնել փետրվարի 8-ին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս: