7 հոկտեմբերի 2008 - 16:24 AMT
Գորան Լենմարկերը Ռուսաստանում եւ Թուրքիայում կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Պառլամենտական Վեհաժողովի հատուկ զեկուցող Գորան Լենմարկերն այսօր կժամանի Մոսկվա: Այցի շրջանակներում Գորան Լենմարկերը ծրագրում է հանդիպումներ անցկացնել ԱԳՆ-ի հետ, որոնց ընթացքում մտադրված է քննարկել Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները: «Ներկա իրադրության մեջ կարեւոր է Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների կարգավորման նոր ուղեցույցներ փնտրել»:

Լենմարկերը նաեւ նշել է, որ Մոսկվայից հետո կուղեւորվի Թուրքիա, որտեղ բանակցություններ կանցկացնի ղարաբաղյան կարգավորման հարցով. «Ինձ հատկապես հետաքրքրում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը, ինչպես նաեւ Թուրքիայի առաջադրած Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմը»,- հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: