8 օգոստոսի 2019 - 16:44 AMT
Թուրքիայում մտահոգվել են Netflix-ի սերիալներից մեկում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմամբ

Ամերիկյան Netflix ընկերության նկարահանած «Ուրիշ կյանք» հեռուստասերիալի սերիաներից մեկում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը, ինչը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում։

Սերիալի կերպարներից մեկը խոսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը ցեղասպանությունից փրկվելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով, հայտնում է Ermenihaber-ը։

Այս դրվագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ուշադրությունից, որը մեղադրել է ամերիկյան ընկերությանը բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության եղելությունը քարոզելու մեջ։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ Netflix ընկերությունը մինչև այժմ որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։