13 օգոստոսի 2019 - 16:14 AMT
ԱՀԿ. Կարմրուկով հիվանդանալու դեպքերն աշխարհում եռապատկվել են

2019-ի առաջին 6 ամսում կարմրուկով հիվանդների թիվն աշխարհում 2018-ի ցուցանիշի համեմատ եռապատկվել է: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները:

Ըստ կազմակերպության փորձագետների, աշխարհում կարմրուկով հիվանդների թիվն անշեղորեն աճում է 2016-ից սկսած: 2019-ի առաջին կեսին վարակների քանակն ամենաբարձրն է եղել վերջին 13 տարում: Միլիոնավոր մարդիկ աշխարհում ռիսկի գոտում են՝ զգուշացնում է ԱՀԿ-ն, գրում է Deutsche Welle-ն:

«Աշխարհի մի շարք երկրներում կարմրուկի բռնկումները մարտահրավեր են դարձել առողջապահության համակարգի համար, շատերը մահացել են, մի մասը հաշմանդամ է դարձել»,-ասվում է զեկույցում:

Ըստ ԱՀԿ-ի, հիվանդների ամենամեծ քանակը 2019-ին գրանցվել է Կոնգոյում, Մադագասկարում և Ուկրաինայում: Մեծ բռնկումներ են գրանցվել նաև մի շարք աֆրիկյան երկրներում, ինչպես նաև Թաիլանդում, Ֆիլիպիններում և Ղազախստանում:

Եվրոպայում 2019-ի առաջին 6 ամսում գրանցվել է կարմրուկի մոտ 90.000 դեպք: Դա գերազանցել է հիվանդությունների ամբողջ քանակը 2018-ին՝ 84 462 դեպք:

Ընդ որում, այժմ կարմրուկի բռնկումներ են գրանցվում ոչ միայն պատվաստման ցածր մակարդակով երկրներում, այլ նաև այն երկրներում, որտեղ պատվասումների մակարդակն ընդհանուր առմամբ բարձր է: Բացի այդ, դա կապված է պատվաստանյութի անհավասար բաշխման հետ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև պատվաստման տարբեր մակարդակով տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ, նշվում է զեկույցում: